Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ իր ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի։
Ինչպես РИА Новости -ի հետ զրույցում նշել է Մաուրերը, կազմակերպությունը շարունակելու է անել հնարավորն այդ ուղղությամբ։
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի գործունեության առաջնահերթությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տեղափոխության ու դիերի դուրսբերման հարցերում օգնության տրամադրմանը, ինչպես նաև գերիներին ացելելուն՝ նրանց փոխանակմանն ու հնարավոր բանակցություններին նախապատրաստվելու համար։
«Ինչ վերաբերում է դիերի դուրսբերմանը, ապա ուրախ եմ հաղորդել, որ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ-ի ներկայությամբ կողմերն սկսել են դիերի դուրսբերումն ու փոխանակումը։ Իմ ստացած վերջին տեղեկություններով՝ կողմերն արդեն փոխանակել են 200 դի։ Մենք շարունակում ենք աշխատանքները»,- ասել է ԿԽՄԿ-ի նախագահը։
Հայտնի է, որ երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, Մաուրերը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱՆԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու հնարավոր փոխգործակցությունը կորոնավիրուսի պայմաններում։