Տպավորություն է, որ հրադադարից հետո ռազմական գործողությունները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության տարածք: Այս մասին ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ կոչ անելով ԱԺ պատգամավորներին ու առաջին հերթին իրեն հանդարտվել. «Անդրանի՛կ, հանդարտվի՛ր»:
Ապա արձանագրեց, որ մեր ԶՈւ-ը ստացել է այնպիսի հարված, որ մեր առջև ծագել է առաջնահերթ խնդիր՝ փրկել ԶՈւ-ի փշրանքները: Իսկ պարտադրված հրադադարը հնարավորություն է տվել փրկել այդ փշրանքները:
«Ես չեմ ուզում, որ մենք քննարկենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, բայց մենք ժամանակ կունենաք քննարկելու այն ճանապարհային քարտեզը, որով կհասնենք ներդաշնակման, որովհետև այս բարոյալքման տակից միասին ենք դուրս գալու»:
Պատգամավորի խոսքով՝ 90-ականներին մենք չունեինք ո՛չ Լաչին, ո՛չ Շուշի, ո՛չ Ղարաբաղի մեծ մասը, ո՛չ ԶՈւ, սակայն ունեինք Վազգեն Սարգսյան, քաղաքական հանդուրժողականություն:
«Ֆիդայական ջոկատներից մենք ստեղծեցինք բանակ և կարևոր է, որ մեր ԶՈւ-ը հանկարծ կրկին ֆիդայական ջոկատների չվերածվի, քանի որ դրանք դատապարտված են պարտության»,-ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության համաձայն՝ Արցախի մեծ մասը՝ Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ Մարտունու, Ասկերանի շրջանից, Շուշին, Հադրութի շրջանը՝ գրեթե ամբողջությամբ, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Աղդամը, Քաշաթաղը՝ գրեթե ամբողջությամբ, Քարվաճառի շրջանը՝ Շահումյանի կենտրոնով անցնում է Ադրբեջանի Հանրապետության կազմ: