Արևմուտքը հայ և ադրբեջանցի ազգայնականների սադրում է վարկաբեկել և ձախողել Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է РИА новости– ն։
«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, որոշ արևմտյան երկրներ առկա ալիքներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին սադրում են վարկաբեկել և խափանել հրադադարի մասին պայմանավորվածությունը», – հայտարարել է Նարիշկինը:
«Հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երևանի պարտությունն է։ «Պատերազմ մինչև հաղթական ավարտ» – ի անհրաժեշտության մասին գաղափարը լցվում է։ Ադրբեջանցիներին, ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը «իրենցից հաղթանակ է գողացել», երբ ադրբեջանական բանակը մի քայլ հեռու էր Ստեփանակերտը գրավելուց», – հավելել է Նարիշկինը։
Նարիշկինի խոսքով՝ «նման գործողությունները ավելորդ վկայությունն են այն բանի, որ ԱՄՆ – ն և նրա եվրոպացի բարեկամները, ինչպես միշտ, իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց, այս անգամ ադրբեջանցիների և հայերի շահերի հաշվին: Ամերիկացիներին և եվրոպացիներին չի մտահոգում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության և տարածաշրջանը ներքաշել ծանր ռազմական հակամարտության մեջ»։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։