ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է Պաշտպանության բանակի նորօրյա հերոսներին:
Նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմը ունեցել է մարդկային լուրջ կորուստներ:
Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի:
Շարքային Սուրեն Արիկի Գաբրիելյանը խոցել է թշնամական 4 միավոր ՀՄՄ-2, 2 միավոր ՀՄՄ-3 և 2 տանկ:
6 միավոր հակառակորդի տանկ էլ ոչնչացրել է լեյտենանտ Տիգրան Կարենի Պետրոսյանը:
Հակառակորդի համար իսկական պատուհաս է դարձել ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը: Քաջարի զինվորականը ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական «Կամազ», 1 ՊԶՄ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 1 հրետանային «ՏՌ» կայանք, 2 ավտոտեխնիկա:
Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Վարդգեսի Բաբախանյանը, ու ևս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Սեյրանի Հարությունյանը:
«Փառք մեր հերոս տղաներին:
Նրանց կատարածը հավերժ կմնա մեր ժողովրդի հերոսական տարեգրության էջերում և նրանց օրինակով կդաստիարակվեն սերունդներ»,-նշված է ՊՆ խոսնակի գրառման մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։