Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա իրավիճակը, որը ստեղծվել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև համաձայնության ստորագրումից հետո:
Քննարկվել են նաև երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։