Այս պահին Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա հիմնարկ- ձեռնարկությունները զբաղված են մայրաքաղաքի մաքրությամբ ու բնականոն կյանքը վերականգնելու գործընթացով: Ինչպես Armenia today-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սամվել Ղուլյանը, քաղաքապետարանը, ինչպես մինչև պատերազմը, դրա ընթացքում, այնպես էլ հիմա, իրականացնում է քաղաքի վերականգնողական աշխատանքների, մաքրության և բնակիչների կենցաղի հետ կապված իր գործառույթները:
«Մեզ են դիմում անօթևան մնացած բնակիչներ: Վերջիններիս պետությունն առաջարկում է բնակարաններ, որոնց սուբսիդավորման հարցը լուծվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից: Ստեփանակերտի քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության կողմից պատերազմի ընթացքում հրթիռակոծված բնակարանների գույքագրում է իրականացվում»,- ասել է Սամվել Ղուլյանը՝ ավելացնելով, որ Ստեփանակերտի քաղաքապետարանից ՀՀ-ից վերդարձած բնակիչները ստանում են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ:
Ստեփանակերտի փոխքաղաքապետի խոսքով՝ հիմնարկները համալրվում են հին աշխատակիցներով, ինչպես նաև այն մարդկանցով, ովքեր այս դժվարին պահին ցանկություն են հայտնել օգնել քաղաքին: «Մեզ երկու շաբաթ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քաղաքը վերադարձնենք իր բնականոն հունին, դրանից հետո մեր հիմնարկ ձեռնարկությունների աշխատողներն իրենց պարտականությունները կկատարեն: Խնդիրն այն է, որ քաղաքի մաքման աշխատանքները հիմնականում թոշակառուներն են իրակացնում, որոնք այս օրերին տարհանվել են, բայց նրանք, զգալով պահի պատասխանատվությունը, կամաց-կամաց վերադառնում են աշխատանքի»,- նշել է Սամվել Ղուլյանը:
Նրա խոսքով՝ մայրաքաղաքի մեծ մասում կոմունալ ծառայությունների առումով խնդիրներ չկան, բայց կան վթարված թաղամասեր: Ստեղծված օպերատիվ մարմինը համակարգում է վթարավերականգնողական աշխատանքները: