Վաղը սկսվում է ԱՀ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների, ինչպես նաև Ադրբեջանի նախկին Աղդամի շրջանի տարածքների փաստացի հանձնումը։ Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի ուսումնասիրություն է կատարել, թե ինչ տարածքային փոփոխությունների է ենթարկվում Արցախի Հանրապետությունը նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի արդյունքում։
Մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը Արցախի կողմից վերահսկվող տարածքը կազմում էր 11,4 հազ. քառ. կմ:
- 2016 թվականին կորցրել է 8 քառ. կմ տարածք (6.15 քառ. կմ հյուսիս ՝ Թալիշ գյուղի ուղղությամբ և 2.1 քառ. կմ հարավ՝ Վարազդաթումբի (Լելե Թեփե) բարձունք։
- 2020 թվականին, մարտական գործողությունների ընթացքում, Ադրբեջանը օկուպացրել է Արցախի տարածքի զգալի մասը՝ 3,716 քառ. կմ (հարավում՝ 3,585 քառ. կմ, հյուսիսում ՝ 131 քառ. կմ)։
Այսպիսով, մարտական գործողությունների ընթացքում բռնազավթվել է 2020թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքի մոտ 32.5% – ը:
Հյուսիսում իրավիճակը հետևյալն է․
- մանուշակագույն գույնով նշված են 1990-ականների պատերազմի ընթացքում կորցրած տարածքները, Մարտակերտի շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը, ներառյալ Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանը:
- կապույտ գույնով նշված է 2016 թվականին կորցրած տարածքը, կարմիր գույնով՝ 2020 թվականը։
- կանաչ գույնով նշված են տարածքներ, որոնք առանց մարտի կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հարավում իրավիճակը հետևյալն է․
- կարմիր գույնով նշված են մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքները։
- կանաչ՝ տարածքներ, որոնք Ադրբեջանին կհանձնվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի պայմանով
- կապույտ՝ տարածքներ, որոնց կարգավիճակը փաստաթղթով ամրագրված չէ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։