Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: Այս մասին հայտնում է «Ամարաս թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Դադամյանը։
Նշենք, որ մարտական գործողությունների ողջ ընթացքում, անտեսելով վտանգը, մշտապես գտնվելով թշնամու թիրախում, այս ուղղությամբ ընթացել են աշխատանքներ, սակայն ռմբակոծության և հրեթակոծության հետևանքով վնասների չափը շատ մեծ է ու ամբողջությամբ վերականգնելու համար անհրաժեշտ են ժամանակ և միջոցներ:
Մարտունու «Վարանդաշին» ՓԲԸ տնօրեն Արթուր Մուսայելյանի հետ մեր զրույցում նշվեց, որ շրջանում վերականգնված է ջրամատակարարումը, կան որոշակի խափանումներ, որոնք մոտ օրերս կվերացվեն:
Դիզելային էլեկտրակայաններ են տեղադրվում պոմպակայանների մոտ, որոնք հնարավորություն են ստեղծում էլեկտրամատակարարումից ամբողջությամբ կախման մեջ չդնել ջրամատակարարումը, քանի որ էլեկտրամատակարարման բացակայության պարագայում կաշխատեն դրանց գործարկման միջոցով: Աշխատանքներ են տարվում Մարտունի քաղաքում, Գիշի, Խնուշինակ, Սոս գյուղերում: Բոլոր այն բնակավայրերում, որոնք ապահովված են էլեկրականությամբ, ջրի խնդիր չկա: Մի խոսքով՝ բոլոր բնակավայրերի ջրամատակարարումը վերականգնված է՝ որոշակի խափանումներով: Աշխատում են, վերացվում են վթարները, որոնք արձանագրվում են ընթացքում:
Նշված ընկերության կողմից շարունակվում է Մարտունի քաղաքի աղբահանման գործընթացը: Հնարավոր ամեն ինչ կարվի մոտ ժամանակներում քաղաքը մաքրելու և արտաքին տեսքը բարելավելու համար: