Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են ԼՂ-ում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին եռակողմ հայտարարության կատարումը։
Ինչպես տեղեկացնում է ռուսական ТАСС-ը, կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման, մարդասիրական հարցերի լուծման վերաբերյալ։
«Նախարարներն ընդգծել են ԼՂ-ում և հարակից շրջաններում պատմական, կրոնական հուշարձանների վիճակի ուսումնասիրման և պաշտպանության կարևորությունը, այդ ուղղությամբ համագործակցությունը»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։