Մարդասիրական բեռով բեռնված ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ շարասյունը Ռոստովից շարժվել է դեպի Ստեփանակերտ, փոխանցում է ՌԴ ԱԻՆ-ը:
«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասով։ Այսօրվա դրությամբ այն կանցնի 630 կմ ճանապարհ դեպի նպատակակետ։ Ընդհանուր առմամբ այս գործում ներգրավվել է 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կհասնի նոյեմբերի 21-ին:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղական մարմինների հետ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում վնասված շենքերի և պատճառված վնասի չափը։
Երկու ավտոշարասյունները Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն։ Հատուկ տրանսպորտով առաքվում են շինարարական նյութեր՝ սոցիալական ենթակառուցվածքի և տուժած բնակչության տների վերականգնման համար: Առաջին հումանիտար ավտոշարասյունները Լեռնային Ղարաբաղ են մեկնել նոյեմբերի 20-ին։