Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Այս մասին
հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք Ստեփանակերտում, 5 ընտանիք Ասկերանի շրջանի Իվանյան և Շոշ համայնքներում, իսկ 25 ընտանիք էլ տեղափոխվել է Հայասատանի Հանրապետության տարբեր բնակավայրեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։