ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն կոնկրետ առաջարկներ չեն ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության դադարեցման վերաբերյալ, Մինչդեռ ՌԴ-ն և Թուրքիան կարողացել են հրադադար հաստատել տարածաշրջանում, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
«ՆԱՏՕ-ն և ԵՄ – ն կոնկրետ և իրատեսական առաջարկներ չեն ներկայացրել Լեռնային Ղարաբաղի 30-ամյա հակամարտության կարգավորման վերաբերյալ, Մինչդեռ ՌԴ-ն և Թուրքիան կարողացել են փոխըմբռնման հասնել այդ հարցի շուրջ», – ասել է Քալընը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակման մասին՝ Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման և գործունեության վերաբերյալ։
«Ավարտվել է երկխոսության առաջին փուլը, որին մասնակցում են պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Մոսկվան տեղեկացված է Անկարայի դիրքորոշման մասին։ Երկխոսության ընթացքում առաջիկա օրերին կորոշվեն կենտրոնի աշխատանքի վայրն ու սկզբունքները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը: Մեր զինվորականներն ամեն դեպքում կաշխատեն Ղարաբաղի հարցով մոնիթորինգային կենտրոնում», – հավելել է Քալընը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, Նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի գնացել»:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։