Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ԻԼ-76 ինքնաթիռները Արցախում խաղաղապահ առաքելության իրականացման համար տեղափոխում են ռազմական ինժեներների, տեխնիկա և սարքավորումներ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ԻԼ-76 ինքնաթիռները մեկնել են մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից՝ Ռուսաստանի Դաշնության ինժեներական զորքերի զինծառայողների խմբին, ինչպես նաև ինժեներական տեխնիկա և սարքավորումներ տեղափոխելու համար, որոնք նախատեսված կլինեն խաղաղապահ առաքելության գոտում ընդհանուր օգտագործման ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքների մաքրման համար»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ռազմական ինժեներներ, բուլդոզեր և ծանրաբեռնված արտաճանապարհային մեքենա տեղափոխող ինքնաթիռը, որոնք անհրաժեշտ սարքավորումները կհասցնեն ռուսական խաղաղապահ առաքելության դիտակետեր։
«Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն ռուսական զինվորականների կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման ժամանակ, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի համալրման համար: Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության պարեկներն ապահովում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ տեղափոխումը հեռավոր բնակավայրեր: Ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել ճանապարհային երթևեկությունը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։