Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործում ցուցաբերած աջակցության համար»,-նշել է Հարությունյանը։
Հարությունյանը հայտնել է, որ այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմն արդեն ավարտել է տեղակայման գործընթացը և անցել իր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ դառնալով կայունացման կարևոր գործոն հանրապետության շուրջ ստեղծված բարդ իրավիճակում։
«Արդյունավետ համագործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարական կազմի հետ՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ։ Խաղաղության, կայունության և մեր քաղաքացիների անվտանգության պահպանմանն ուղղված հիմնական խնդիրների լուծումը խաղաղապահ զորակազմի անձնակազմից պահանջում է բարձր արհեստավարժություն և տոկունություն, որը երբեմն կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար։ Ուզում եմ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել իրավիճակի կայունացման, խաղաղության հաստատման և պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու տարբեր խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի և գործադրած ջանքերի համար»,-նշել է նա։
Հարությունյանը նաև նշել է, որ ՌԴ-ի կողմից հումանիտար խնդիրների լուծմանը նպաստելու և քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով ստեղծվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար բոլոր խնդիրների համալիր լուծման համար Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվում են հինգ հավելյալ կենտրոններ։ Ռուս զինծառայողներն ուղեկցում են մեր քաղաքացիներին, որոնք մինչ այդ տարհանվել են իրենց բնակավայրերից, ապահովում են հումանիտար բեռնափոխադրումների անվտանգությունը։ ԱԻՆ առաջին հումանիտար շարասյունն արդեն ժամանել է Լեռնային Ղարաբաղ»։
Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուսական կողմին նաև նրա համար, որ ՌԴ նախագահին անձնական ակտիվ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել հասնել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային կոթողների, հոգևոր սրբավայրերի պաշտպանությանը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես հայ ժողովրդի համար, այնպես էլ համաշխարհային ժառանգության մեջ տարբեր մշակույթների ինքնակայության պահպանման գործում։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, զուգահեռ այդ տարածքներից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։