Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 23-ին Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Հորդանանի կողմից ընդգծվել է Մոսկվայի որոշիչ դերը տարածաշրջանում կրակի դադարեցման պայմաններ ստեղծելու հարցում: Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
«Սերգեյ Լավրովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին`ուղղված նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարին և բոլոր տիպի ռազմական գործողությունների դադարեցմանը: Հորդանանի ԱԳ նախարարը ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը հրադադարի պայմաններ ստեղծելու և երկարաժամկետ կարգավորմանն անցնելու հարցում»,-ասված է հաղորդագրությունում:
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ քննարկման ընթացքում կարծիքների փոխանակում է եղել տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտների շուրջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։