ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները նոյեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի եւ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Ինչպես
տեղեկացանք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից, կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես արցախահայությանը կարիքները հոգալուն եւ մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:
Զրուցակիցները կարևորել են Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում դրանց բարձրաձայնումը: Հյուրերը նշյալ հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց մտահոգությունը և աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպումներին անդրադարձ է կատարվել պատերազմի ընթացքում մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների դեպքերին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել և ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ հարցում:
Հանդիպումների ավարտին կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։