Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ, գրում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրը: Հակասությունները կապված են թուրքական կողմի` միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտորդական կետ բացելու ցանկության հետ, փոխանցում է rbc-ն:
Reuters-ի փոխանցմամբ` Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ դիտորդական առաքելության պարամետրերի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն Անկարան պնդում է մոնիտորինգի միասնական կենտրոնից անկախ սեփական դիտակետի ստեղծումը: «Ռուսաստանը համարում է, որ պարտադիր չէ, որպեսզի Թուրքիան դիտակետ տեղակայի տարածաշրջանում, որն անկախ կլինի միասնական կենտրոնից: Սակայն դա սկզբունքային նշանակություն ունի Թուրքիայի համար»,- գործակալությունը մեջբերում է զրուցակցին թուրքական կողմից:
Աղբյուրը մանրամասնել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, և Թուրքիան փոխզիջումային լուծման է ձգտում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թուրք խաղաղապահները կհետևեն, թե ինչ է կատարվում բացառապես Ադրբեջանի տարածքում և չեն գնա Լեռնային Ղարաբաղ: