Գիշերային չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ 121 բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանին, կարծում էի՝ գոնե այդ հանձնման գործընթացը կազմակերպված կիրականացվի, պատերազմի տարերայնությունը, թափթփվածությունը այլեւս չեն իշխի մեզ: Բայց ոչ, հայը իր տունն է դատարկում, ադրբեջանցին ծաղրում է նրան՝ իր տան բակում նկարահանում տնից փախուստը, մյուսին գերի է վերցնում, հետո խաղ անելով վերադարձնում, երրորդը անձամբ շնորհակալություն հայտնում ադրբեջանցուն, որ թույլ է տալիս իր իրերը դուրս հանել տանից: Խիստ մտահոգիչ իրավիճակ է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Մենք պետություն ունե՞նք։
Ո՞ւր են մեր պետական կառույցները։ Ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ։ Ու՞ր են մեր փրկարարները, խաղաղապահները, ոստիկանները, ուժայինները․.․Սահմանն ինչու՞ է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է»,-գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար, որտեղ արցախցին շնորհակալություն է հայտնում ադրբեջանցի համազգեստավորից, որ թողնում է իր տան իրերը դատարկել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: