Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն և բոլոր ասպեկտներով քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետ կերպով ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքացիական բնակչության անվտանգությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է նաև փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական և մշակութային օբյեկտների պահպանման հետ կապված անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծման առաջնահերթությունը:
«Կարծիքներ են փոխանակվել հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության կենտրոնի վերաբերյալ: Երկուստեք նշվել է այն որոշումների հետևողական և ամբողջական կատարման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության ապահովմանը և խաղաղ կյանքի հաստատմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: