Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հազար ՀՀ դրամ (1 միլիոն ԱՄՆ դոլար) որպես նվիրատվություն փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ համաձայն ս.թ. նոյեմբերի 20-ի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշման: Այս մասին հայտնել է հիմնադրամի Facebook-յան էջը։
Ինչպես հայտնի է՝ Հիմնադրամը հետևողականորեն աջակցում է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը, որ հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանան 21-րդ դարին համահունչ բուժօգնություն, վերականգնվեն և վերաինտեգրվեն հասարակություն:
Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա:
Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի՝ այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի: Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն ՀՀ դրամի (351 հզր 350 ԱՄՆդոլար) նվիրաբերության պայմանագիր։ Գումարները կփոխանցվեն ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականների հեռավար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ են պլանշետներ: Հայտնում ենք նաև, որ Հիմնադրամը ձեռք կբերի անհրաժեշտ 2000 պլանշետներից 1000-ը, իսկ մյուս մասի կարիքը կհոգա պետությունը»,- գրել է կայքը:
Հիշեցնենք, որ օրերս հիմնադրամը պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար վիճակով պայմանավորված՝ փոխել էր գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամն իրականացնում է բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի: