Այսօր ռուս խաղաղապահների օրն է։ Արցախցիները այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր: Այս մասին գրում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։
Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը:
Դավիթ Սարգսյանն այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կհաստատվի կայուն խաղաղություն:
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: