Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման երաշխավորը կդառնան Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:
«Մենք մեծ ներդրում ենք ունեցել անարդարության վերացման գործում, որը շարունակվել է Ղարաբաղում 30 տարի։ Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել հարգարժան Վլադիմիր Պուտինի հետ, մենք քննարկել ենք այն քայլերը, որոնք կձեռնարկվեն Ղարաբաղի խնդրի լուծման համար։ Թուրքիան, ՌԴ-ն և Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղության երաշխավոր կդառնան», – ասել Է Էրդողանը։
Նա միաժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու գործընթացում կարող են ներգրավվել այլ երկրներ ևս։
«Կարելի՞ է արդյոք ընդլայնել այդ գործընթացը (Ղարաբաղում հրադադարի վերահսկողությունը)։ Կարելի է, և այդ մասին ևս մենք երեկ խոսել ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այլ երկրների մասնակցությամբ մենք կարող ենք այդ գործընթացը տեղափոխել այլ հարթություն», – ասել Է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:
Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան եւ Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման դիտորդական կենտրոն ստեղծելու մասին։ Նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: