Լաչինի միջանցքի մասին խոսելիս մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի վրա նրա ազդեցության հիմնական կարևորությունը քաղաքականն է, որովհետև տնտեսական դերը պարզելու համար մենք բազմաթիվ բաներ չգիտենք։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
«Մենք չգիտենք, թե ինչ վիճակում է այս պահին Արցախի տնտեսությունը։ Մենք չգիտենք՝ ինչքան բնակչություն կվերադառնա, և որքան երկար նրանք կմնան։ Մենք չգիտենք՝ Սյունիքու՛մ ինչպիսին կլինի իրավիճակը։ Արցախի տնտեսության հետ կապված չգիտենք նաև գյուղատնտեսական, իսկ ավելի ստույգ՝ անասնապահության վիճակի (գլխաքանակի կորուստներ և այլն) մասին։ Լաչինի միջանցքի գործարկման տնտեսական կարևորությունը գնահատելու համար մեզ պետք են այս հարցերի պատասխանները»,- ասաց Հրանտ Միքայելյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Լաչինի միջանցքի քաղաքական կարևորությունը շատ մեծ է, քանի որ այն ամենն, ինչ մնացել է Արցախից, ամբողջությամբ կախված է Լաչինի միջանցքից, դրա գործարկումից։ Բացի այդ՝ ռուսական խաղաղապահ ուժերը պետք է մատակարարման հնարավորություն ունենան, ինչը նրանց կտա այդ միջանցքի գործարկումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքը կգործարկվի դեկտեմբերի 1-ից։
Արաքսյա Սնխչյան