Ռուս խաղաղապահները վերահսկում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանի ադրբեջանական կողմին փոխանցելու գործընթացը, որը սկսվել է այսօր ժամը 00:00-ին: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Նոյեմբերի 25-ի ժամը 00:00-ից Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանի հանձնումն ադրբեջանական կողմին», – ասել է նա:
Կոնաշենկովը նշել է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը սերտ կապի մեջ է տեղական վարչակազմերի հետ՝ հնարավոր միջադեպերը կանխելու համար: Կապի ուղիղ ուղիներով շարունակական փոխգործակցություն է իրականացվում նաև Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Գեներալը հայտնել է, որ ավելի քան 2 հազար փախստականներ մեկ օրում Հայաստանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղի իրենց տները:
«Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական», – նշել է Կոնաշենկովը:
Բացի այդ, Կոնաշենկովի խոսքով, կազմակերպվել է ավելի քան 300 տոննա շինանյութերի անվտանգ առաքում Ստեփանակերտ: Դրանք կօգտագործվեն ռուս խաղաղապահների կողմից սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների և բնակելի տների վերականգնման ժամանակ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները նաև պայթունավտանգ առարկաներից մաքրել են 1 հեկտար և 1,5 կմ ճանապարհ: «Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 57 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ սարքավորված ռազմավարաժարան և ոչնչացվել», – պարզաբանել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղ են մեկնել Արևելյան ռազմական շրջանի ռազմական բժիշկները։ Նրանք բուժօգնություն կցուցաբերեն ռուս խաղաղապահներին և տեղի բնակիչներին։ «Շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված տեխնիկայով 37 մասնագետներ ժամանել են Հայաստանի և ուղևորվում են Ստեփանակերտ», – ընդգծել է Կոնաշենկովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: