Ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա և սահմանադրական ճանապարհով ընտրվի նոր վարչապետ և կոմպետենտ կառավարություն: Vesti.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է նոյեմբերի 24-ին Արա Աբրահամյանի գլխավորությամբ Երևանում՝ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր, կապված Հայաստանում, Արցախում և սփյուռքում ստեղծված ետպատերազմյան իրավիճակի հետ, այդ թվում՝ ազգային արժանապատվության և միասնականության վերականգնումը, ճգնաժամից դուրս գալու մեխանիզմները, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, վիրավորներին, հաշմանդամներին և փախստականներին աջակցությունը, Պանդեմիայի հետևանքների մեղմացումը, Հայաստանի, միջազգային ոլորտում արտաքին քաղաքական հստակ առաջնահերթությունների արձանագրմամբ,լիարժեք գործունեության վերականգնումը:
Իր ելույթում Արա Աբրահամայանը նշել է, որ թեև մարտական գործողությունները կանգնեցված են ստորագրված եռակողմ հայտարարությամբ, բայց պատերազմը դեռ չի ավարտվել՝ նոր, ավելի վտանգավոր և բախտորոշ փուլ է մտել:
Հանդիպման մասնակիցները վստահություն են հայտնել, որ, չնայած առկա ծանր իրավիճակին, երկրում տիրող քաոսին, հարկավոր է միավորել առկա հայրենամետ, մտավոր և գործարար ներուժը, որը միշտ եղել է և այսօր էլ կա և վիճակի է համադրել առկա բոլոր առաջարկները, ներկայացնել միասնական ճանապարհային քարտեզ, դրա փուլային իրականացման ծրագրով:
Հանդիպման մասնակիցները Հայաստանի ապագան կապում են Հայաստանի և Արցախի բացառապես էվոլյուցիոն և առաջընթաց զարգացմամբ:
«Այդուհանդերձ ակնհայտ է, որ ներկա վիճակից դուրս գալու ստանդարտ լուծումներ չկան: Դրանք պահանջում են Արցախի և Հայաստանի ետպատերազմյան կարգավորման, հումանիտար գործունեության, կորոնավիրուսի դեմ պայքարի, ներքին և արտաքին քաղաքական հարցերի անհապաղ փաթեթային լուծումներ՝ համազգային միասնականությամբ և սփյուռքի ներուժի օգտագործմամբ։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա և սահմանադրական ճանապարհով ընտրվի նոր վարչապետ և կոմպետենտ կառավարություն:
Ճգնաժամային հատվածում կառավարությունը կարող է ղեկավարել բացառապես այն առաջնորդը, ով ոչ միայն կհայտարարի և կհիմնավորի ճանապարհային քարտեզը, այլև կներկայացնի դրա յուրաքանչյուր կետի փուլային իրականացման ժամկետները (հնարավոր ձախողման դեպքում պատասխանատվություն կրելով), այլև, որ հարկապես կարևոր է, իրագործման մեխանիզմները և ֆինանսավորման աղբյուրները:
Մեկ տարվա ընթացքում նոր կառավարությունը պետք է պատրաստի նոր խորհրդարանական ընտրություններ: Այսուհետ հասարակություն մեջ տեղ չի ունենալու ատելությունն ու փոխադարձ անվստահությունը, սևի ու սպիտակի կործանարար բաժանումը: Հասարակությունը ցանկանում է բանիմաց և հայրենասեր առաջնորդ ունենալ, ով երկրի ներսում և նրա սահմաններից դուրս մեծ հեղինակություն է վայելում, զերծ է կուսակցական և կլանային շահերից, ով անցած ճանապարհ ունի: Մենք պարտվել ենք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում: Հաշվի առնելով վերջին տասնամյակների դասերն ու ճիշտ եզրակացությունները, հատկապես արցախյան վերջին պատերազմի առանձնահատկությունները, համախմբվելով ազգային առաջնորդի և կառավարության պոզիտիվ օրակարգի շուրջ և համադրելով իրական գործերն ու գործողությունները՝ մենք վստահ ենք, որ կարող ենք վերադարձնել սեփական ուժերի նկատմամբ մեր հավատը և վերածնել մեր հայրենիքը»,-գրում է կայքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: