Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։
«Խորին Երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:
Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԳՆ-ից կարևորում են Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ ԱԳՆ-ից հույս են հայտնում, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։
«Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։
Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին»,- ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։