Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին:
ԱԳՆ-ն հաղորդում է, որ Արա Այվազյանը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել Արցախում հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարարն ընդգծել է տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծման և վերջիններիս իրավունքների պաշտպանության ու վերականգնման հրատապությունը:
Ընդգծվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: