Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ստեփանակերտում սոցիալական օբյեկտների և տների էլեկտրականության ու գազի մատակարարման հարցերը լուծված են, գրում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։
«Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնման գործընթացը: Այսօրվա դրությամբ քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է: Վերսկսվել է նաև քաղաքային էլեկտրական ենթակայանների աշխատանքը»,- հայտնել են նախարարությունից:
Զինվորականների խոսքով՝ ռուս խաղաղապահներն այժմ նաև տեղացի բնակիչներին օգնություն են ցուցաբերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և ճանապարհների մաքրման աշխատանքների հարցում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։