«Հրապարակ»-ը գրում է․
«Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երևանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան և, բառի բուն իմաստով, առևանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, և Լևոն Երանոսյանը մեզ հետ զրույցում բացում է փակագծերը։
«Սեպտեմբերի 27-ին ես դիմել եմ գլխավոր շտաբ, որ որպես զորամիավորման հրամանատար՝ իմ լուման ներդնեի։ Ուրեմն, ձախ թևում մենք ենք 90-ականներին ազատագրել Թալիշը, Մատաղիսը, աջ թևում էլ եղել եմ բանակային կորպուսի հրամանատար, լիարժեք տիրապետում եմ Ջաբրայիլից, Հորադիզից մինչև Խնձորեսկ բոլոր տարածքներին՝ ծառ առ ծառ, թուփ առ թուփ։ Ու ինձ գլխավոր շտաբից պատասխանեցին, որ կասեն։
Էդպես էլ դրական պատասխան չստացա։ Ամսի 4-ին մեկնեցի Ղարաբաղ, իրավիճակը բարդ էր, ու ես հասկանում էի ամեն ինչ, անկառավարելի էր։ Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք, որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ։
Երեկոյան, երբ Երևանից դուրս էինք գալիս արդեն, ոստիկանության հատուկ վաշտը՝ շքախմբով, դիմակավորված, զինված, հարձակվեց իմ վրա ու տարավ։ Ես ընկա շոկի մեջ, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դե, իրենք ինձ ճանաչում են, բայց մասկեքը քաշած էին, հետո տեսա, թե ով էր ղեկավարում էդ միջոցառումը՝ ՊՊԾ գնդի հրամանատարը, որը 2016 թվին ղեկավարում էր ՊՊԾ գունդը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին գունդը։
Ինքը ոչ թե պիտի գար ինձ ձերբակալելու, այլ պիտի դատված լիներ 2016 թվից։ Իրեն «Տապոռ» էին ասում, բայց ես իրեն միշտ ասել եմ՝ «Քոռ տապոռ», որ թույլ տվեց զորամասը գրավեն։ Դրանից հետո չգիտեմ ոնց դարձավ ոստիկանության 6-րդ վարչության հատուկ վաշտի հրամանատար։
Ես ասացի՝ հանգիստ մնացեք, էդ զենքերն էլ քաշեք։ Նստեցի իրենց մեքենան, 5 հոգի՝ մեքենայի մեջ, 2 մեքենա էլ՝ հետևից, ու գնում ենք։ Մտածեցի՝ կարող է Գորիս են տանում, բայց երբ Գորիսն անցանք, արդեն զգացի, որ տանում են Ղարաբաղ։
Թղթեր լրացրեցին՝ երեք օրով, ու տվեցին մի կամեռ ու հիմարի պես ինձ ասում էին՝ արխային էղի, կողքիդ կամեռում թուրքերն են, էստեղ բամբյոժկա էլ անեն, իրենք գիտեն, որ թուրք գերիներ կան, բան չեն անի։ Լուսադեմին սկսվեց բամբյոժկեն։ Եկան, թե՝ պարոն Երանոսյան, ո՞նց ես զգում քեզ, ասի՝ նորմալ։ Ցերեկը ժամը 1-ի կողմերը եկան ինձ ծանոթ մարդիկ, բա՝ պարոն Երանոսյան, Հայաստանում սկանդալ է բարձրացել, դուրս արի, բայց ոչ մի բան չասես, որ եղել ես Շուշիում։ Ասի՝ ես չեմ ասի, թե ես ուր եմ եղել, մինչև պատերազմը չավարտվի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։