Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրատապ դիմում է ներկայացրել միջազգային հանրությանը։
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրում է հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները:
Հենց այս նպատակով ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները վկայում են, որ սա ատելության կազմակերպված քարոզի արդյունք է, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասը։
Հետևաբար, դիմում եմ միջազգային հանրությանը ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ որպես պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,- գրել է Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, որ առ այս պահը գերիների ու անհետ կորածների հստակ թիվը չի հրաապարակվել։