Պատերազմի ընթացքում Սիրիայից Ղարաբաղ տեղափոխված վարձկան ահաբեկիչները դեռ շարունակում են մնալ հակամարտության գոտում: Այս մասին ասվում է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Տեղեկություններ կան սիրիացիներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ տեղափոխելու մասին: Մարդիկ տեղափոխվում են սիրիական այն շրջաններից, ուր ավելի վաղ տեղափոխվել էին ռադիկալները:
Գլխավոր դատախազությունը նշում է, որ եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա դա կդիտարկի որպես քայլ՝ տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացման և Հայաստանի ու Արցախի սահմանների մոտ ահաբեկչության նոր կենտրոնների առաջացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից մարտի դաշտում են եղել նաև Մերձավոր Արևելքից բերված վարձկան ահաբեկիչներ։