Հայաստանի խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը դիմել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին` խնդրելով օգնել ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության հասնել Հայ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին ասված է ռուս դեսպանին ուղղված պատգամավորի նամակում։
«Դեսպանին խնդրել եմ միջնորդել կապ հաստատել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահական առաքելություն իրականացնող զորքերի գլխավոր հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ում օժանդակությամբ հնարավոր կլինի գուցե հայկական կողմից կազմել օպերատիվ խումբ, որը Յունեսկօ-ի խմբի հետ համատեղ մուտք կգործի Ադրբեջանի տիրապետության տակ մնացած արցախյան տարածքներում գտնվող պատմամշակութային վայրեր, սրբավայրեր, թանգարաններ՝ ուսումնասիրություն կատարելու, տեղում փաստավավերագրության համար տեսանկարահանում իրականացնելու և հնարավորության դեպքում ցուցանմուշները Շուշիի 5 թանգարաններից դուրս բերելու համար։
Լիահույս եմ նամակս դրական պատասխան կունենա», – ասվում է նամակում:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո շարունակել են «պատերազմը» Արցախի հայկական հուշարձանների և պատմամշակութային ժառանգության դեմ: Բացառություն չէր և պղծվեց նաև Շուշիում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային հերոս, հայ զորավար Վազգեն Սարգսյանի արձանը։