Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց քննարկման շրջանակներում ներկայացրել է գերիների ու անհայտ կորածների մասով ընթացիկ իրավիճակը։ Իր Facebook-յան էջում նա ամփոփել է առցանց քննարկման արդյունքները․
- «Պետական լիազոր մարմինները, առաջին հերթին՝ ՊՆ գերիների և անհայտ կորածների հանձնաժողովները պարտավոր են անել առավելագույնը զոհերի մարմինների ու գերիների վերադարձման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ.
- Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից, ներառյալ՝ Շուշիից, Մարտունուց, Կարմիր շուկայից, Մատաղիսից, Հադրութի Վանք գյուղից.
- Պետական լիազոր մարմինները պարտավոր են արդյունավետ ու հնարավորինս թափանցիկ հաղորդակցություն վարել գերիների ու անհայտ կորածների և ողջ հասարակության հետ ընթացիկ աշխատանքների ու արդյունքների վերաբերյալ.
- Գերիների ու անհայտ կորածների հարազատները, այլ անձինք և լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն նրանց մասին տեղեկություններ հրապարակելիս, որպեսզի հանկարծ չվնասեն նրանց որոնման ու փրկության աշխանքներին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: