Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը երկաթուղով Հանրապետություն է ուղարկել Ղարաբաղում խաղաղապահների համար նախատեսված բեռ:
«Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրված արձանագրության համաձայն, համապատասխան գործունեություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ապահովման ուղղությամբ: Զինծառայողները, ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկան, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման այլ միջոցները, որոնք նոյեմբերի 28-ին երկաթուղով մեր երկիր են ժամանել Ռուսաստանից, համապատասխան կարգով անցել են սահմանային եւ մաքսային հսկողությունը», – РИА новости-ին հայտնել են պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ խաղաղապահների համար նախատեսված բեռը կիրակի օրը տեղափոխվել է Բարդա՝ Յալամա – Բաքու – Եվլախ – Բարդա երկաթուղային երթուղով:
«Վագոններից ավտոմոբիլային տրանսպորտով բեռնված բեռները Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նախապես պլանավորված կարգով տեղափոխվել են Բարդա – Աղդամ – Ստեփանակերտ երթուղով», – ճշտել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: