«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեռեւս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները:
Այսինքն՝ Հարությունյանը մինչեւ նման որոշում կայացնելը խորհրդակցել էր Արցախի քաղաքական վերնախավի հետ, որից հետո նոր դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրանքով ամեն գնով դադարեցնել պատերազմը: Ու պատերազմի դադարեցումից հետո թիվ մեկ խնդիրը այսօր Արցախի վերականգնումն է, Արցախը պետք է իր մեջքն ուղղի: Հիմա փորձենք հասկանալ՝ քաղաքական առումով ինչ տարբերություն կա ՀՀ-ի եւ Արցախի իրավիճակներում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոնկրետ գնում է քաղաքական լարվածության լիցքաթափման եւ միասնականության հաստատման ճանապարհով: Իսկ որո՞նք են այդ քայլերը. հանրության կողմից սիրված, չվարկաբեկված, քիչ թե շատ ընկալված մարդկանց նշանակում է պատասխանատու պաշտոնների՝ կիսելով պատասխանատվությունը: Oրաթերթի տեղեկություններով՝ Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտնագության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։