ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ եւ Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծման գաղափարին:
Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ տրանսպորտային հաղորդակցությունների թեման քննարկվում է առաջնորդների հետ, հաղորդում է ТАСС -ը:
«Կոնկրետ այս թեման թողնեմ առանց մեկնաբանության։ Միայն հիշեցնեմ, որ մեկ շաբաթ կամ երկու շաբաթ առաջ մենք Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում խոսում էինք այն մասին, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրների հետ միասին քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցերը», – այսպես է պատասխանել Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է վերաբերվել Նախիջևանից Ադրբեջան միջանցքի գաղափարին:
Նրա խոսքով՝ «տրանսպորտային հաղորդակցությունների թեման օրակարգում է և քննարկվում է առաջնորդների կողմից»: