ԼՂՀ-ում ռուսական ռազմաբազայի ստեղծումը մեծապես կուժեղացներ անվտանգությունն ու կայունությունը Ղարաբաղում, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում, «Риа Новости» – ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Մեկնաբանելով Արցախյան պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարությունը՝ Բաբայանն ասել է․
«Դա նման է Բրեստի պայմանագրին, նույնիսկ ավելի վատը։ Սակայն, մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, որի համար առաջին հերթին մենք ենք մեղավոր։ Մենք պարտվեցինք ոչ Ադրբեջանին կամ Թուրքիային, այլ պարտվեցինք ինքներս մեզ։ Մենք չկարողացանք լուծել նոր պատերազմի ռազմավարական բնույթը։ Պատերազմը մեծամասամբ եղել է «հեռահար», մեր զինվորների հիմնական մասը անօդաչու թռչող սարքերից է զոհվել։ Ավելին, մենք խնդիրներ ենք ունեցել հակառակորդի ռազմավարական նպատակների հետ կապված։ Մենք չկարողացանք կանխատեսել, որ Թուրքիան նույնպես անմիջական մասնակցություն կունենա»։
Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի բացման հնարավորությունը, նշելով․
«Օդային հաղորդակցություն հաստատելու մասին հարցը նշված է եռակողմ հայտարարությունում՝ որպես հաղորդակցության ապաշրջափակման քայլերից մեկը։ Բնականաբար, ռուսական կողմը դա կիրականացնի, միայն նա է ի վիճակի դա անել։ Ես կարծում եմ, որ այն գործելու է արդեն մոտ ապագայում», – ասել է Բաբայանը։
Օդանավակայանն, ըստ ԼՂՀ Նախագահի խորհրդականի, լինելու է բազմաֆունկցիոնալ. այստեղ իրականացվելու են ինչպես ուղևորատար, այնպես էլ տնտեսական, բեռնատար չվերթներ: Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ Ստեփանակերտի օդանավակայանը կընդունի նաև ռազմական չվերթներ։
Բաբայանն անդրադարձել է նաև Ստեփանակերտը վերականգնելու խնդրին, նշելով, որ շինարարական աշխատանքների լավ կազմակերպման և պատշաճ ֆինանսավորման դեպքում քաղաքն արագ ոտքի կկանգնի․
«1992թ – ին Ստեփանակերտը նման էր Ստալինգրադին՝ ավերվել էր քաղաքի 95-97 տոկոսը։ Սակայն, այն վերականգնվել է գրեթե ամբողջությամբ 5-7 տարիների ընթացքում։ Այժմ ավերածությունները շատ ավելի քիչ են։ Եթե աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացվեն, հնարավոր է, 2-3 տարի հետո քաղաքն ամբողջությամբ վերականգնվի», – ասաց Բաբայանը։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուս խաղաղապահներ տեղակայվեցին Արցախում, որոնք ոչ միայն ապահովում են տեղի հայ բնակչության անվտանգությունը, այլ նաև օգնում են նրանց ամենատարբեր հարցերով։