Ռուսաստանցի խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար, նրանց ջանքերի շնորհիվ ավելի քան 30 հազար բնակիչ արդեն վերադարձել է Ստեփանակերտ: Այս մասին կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ տվեց բարելավել իրավիճակը տարածաշրջանում: Ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները չեն խախտվում:
Նա ասաց, որ խաղաղապահների օգնությամբ զոհվածների մարմինները շարունակում են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Ապահովված է ավելի քան 30 հազար փախստականի վերադարձը»,- հավելեց Շոյգուն:
Ռուսաստանի զինված անձնակազմը պայթուցիկ նյութերից ազատում է համայնքներն ու ճանապարհները:
«Մաքրվել է 50 հա տարածք և ավելի քան 17 կիլոմետր ճանապարհ: Վնասազերծվել է ավելի քան 1000 պայթուցիկ նյութ: Վնասազերծվել է Լաչինի միջանցքը և դեպի Ստեփանակերտ մայրուղու 28 կմ հատված: Դրա երկայնքով վերականգնվել է քաղաքացիական երթևեկությունը», – ասաց Պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: