Ականազերծման «Ուրան-6» ռոբոտն առաջին անգամ օգտագործվել է ԼՂ տարածքների ականազերծման գործում՝ ՌԴ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողների կողմից: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռոբոտի օգնությամբ արդեն ուսումնասիրվել է Խոջալու բնակավայրի տարածքում տեղակայված շուրջ 8 հա տեղանք:
Հեռահար կառավարվող ռոբոտատեխնիկական համալիրների կիրառումը թույլ է տալիս ավելացնել ականազերծվող տարածքների ծավալը՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունը ականազերծման ժամանակ: Օպերատորը կարող է կառավարել համալիր հեռանալով մինչեւ 800 մետր (սարքի վրա կա 4 բարձր հստակությամբ տեսախցիկներ)։
«Ուրան-6» համալիրի աշխատանքի ընթացքում հողի մեջ գտնվող ռազմամթերքը վնասազերծվում է մշակման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
Նշենք, որ ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերականգնվում են կենսական ինժեներական հաղորդակցությունները պատերազմից տուժած տարածքներում: Օրական վերականգնվել են ավելի քան 2000 մետր էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրահաղորդման յոթ աշտարակներ, 1600 մետր գազատար, 1200 մետր կապի գծեր և մեկ տրանսֆորմատորային ենթակայան: