Խծաբերդից վերադարձած հայ կամավորները 1in.am-ի հետ զրույցում նշել են, որ ադրբեջանական հատուկ ջոկատայինները եկել և մոտեցել են իրենց դիրքերին և պահանջել են մինչև ժամը 17:00-ն դուրս գալ այդ դիրքերից։ «Մենք 30 հոգով 500-1000 հոգու դեմ ոչինչ անել չէինք կարող։ Մենք կռիվ տալով, վիրավորներին մեր հետ տեղափոխելով՝ դուրս եկան այդ տեղանքից։ Հիմա այնտեղ մնացել են 60 հոգի մեր ախպերները»,-նշել է շիրակցի կամավորականը։
Կամավորականները նշեցին, որ իրենց գերի ընկերներին են ուզում, դժգոհության այլ դրդապատճառ չունեն։
Կամավորենրից մյուսն էլ նշեց, որ հրամանատարը փորձել է պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ, որ տարածքից դուրս գալը հետաձգվի մինչև ժամը 20։00-ն, սակայն թշնամին պահանջել է՝ տարածքը լքել մինչև ժամը 17։00-ը։ «Մեր նախարարությունը, մեր գերատեսչությունները որտե՞ղ էին ժամը 5-6-ը, երբ թշնամին մեր վրա նախազգուշական կարկ էր վարում»,-նշել է կամավորը։
Կամավորը հայտնեց, որ Խծաբերդ գյուղի ուղղությամբ հարձակված 200 ադրբեջանիցների դեմ հրամայվել է պայքարել 11 հայ կամավորականի։
Նա պատմեց, որ հրամանատարի վարորդ է եղել, և գնացել են ադրբեջանցիների հետ հանդիպման։
«Հայկական քարտեզները ձեռքներին եկել և ասել են, որ այս տարածքներն իրենցն են։ Ինքը ավելի քան 20 հոգու դուրս է հանել՝ վիրավորներին էլ հետը։ Մինչև ժամը 17։00-ը ժամանակ են տվել, որ դուրս գանք, բայց չէինք կարող։ Մնացած տղերքը, որ հիմա գերի են, պետք է հասնեին մեզ։ Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը գնաց բանակցելու, որ ժամանակը երկարացնեն, բայց չսպասեցին։ Ինչ- որ բան գցեցին խմելու ջրի վրա, որին հաջորդեցին նախազգուշական կրակոցները։ Կես ժամ կրակոցներ են եղել։ Ինչ զենք ունեցել ենք, դրանցով կրակել ենք»,- մանրամասներ ներկայացրեց կամավորականը։
Նրա խոսքով՝ վիրավորներին մոտ 20 կմ դժվարությամբ տեղափոխել են մոտակա հայկական դիրք։ Ադրբեջանցիները թույլ չեն տվել, որ մեր և խաղապահների ունեցած միակ մեքենան տեղափոխի վիրավորներին։
Նա նշեց, որ եթե իրենց չհաջողվեր մի կերպ դուրս գալ, ապա գերի կընկնեին մյուս ընկերների պես։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների և սոցիալական հարթակների միջոցով համացանցում տեսանյութեր են տարածում, թե Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերի շրջանում 100 հայ զինվորականների են գերեվարել։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: