Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է:
«Այժմ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, նաև այլ միջազգային կազմակերպություններ զբաղվում են ԼՂ տարածաշրջանում իրավիճակին առնչվող հարցերով՝ իրենց իրավասության շրջանակներում»,- ТАСС-ի փոխանցմամբ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Մարիա Զախարովան նշել է, որ այդ աշխատանքները չպետք է տարվեն այն պետությունների հետ փոխգործակցությունից անջատ, որոնց վերաբերում է հարցը:
«Հարցերը շատ են․ և՛ ուղղությունների, և՛ քայլերի որոշմամբ հիմա զբաղվում են ինչպես Մինսկի խումբը, այնպես էլ այլ միջազգային կառույցներ, կազմակերպություններ, որոնք կարող են իրավիճակի լայնամասշտաբ կարգավորման հարցում իրենց դերն ունենալ»,- ասել է նա:
Հայաստանն ու Ադրբեջանը երկուշաբթի օրվանից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը:
Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ և պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 14 – ին սկսվել է գերիների և պատանդների փոխադարձ վերադարձը։
Մինչ այժմ Հայաստան են վերադարձել պաշտոնապես հաստատված 44 գերիներ։