ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի կողմից ռուսական «Կոմերսանտ» թերթին տված մեկնաբանությունը, թե «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել:
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին»,-նշվում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: