Այսօր Կառավարության նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Մինչ նիստի օրակարգին անցնելը, Ավինյանն անդրադարձավ հասարակությանն ամենաշատը հուզող մի քանի խնդիրների պարզաբանմանը։ Առաջին խնդիրը վերաբերում է գերիների վերադարձին։ Ավինյանի խոսքով՝ շարունակական աշխատանքներ են իրականացվում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված, բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր Խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ։
Հաջորդ խնդիրը վերաբերում է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին։ Ներկայում ճշտվում են գերեվարված զինվորների տվյալները։ Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գտնվում է Արցախում՝ այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու համար։ Հին Շեն համայնքի հետ կապված խնդիրների վերաբերյալ էլ Ավինյանը տեղեկացրեց, որ որոշակի լարվածություն եղել է նաև այստեղ, խնդիրն ամբողջությամբ հանգուցալուծված չէ, սակայն շուտով վերջնական կկարգավորվի։ Այնտեղ ներկայում տեղակայված են ռուս խաղաղապահները։