Ս.թ դեկտեմբերի 16-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Արցախի ՊԲ-ին է փոխանցվել,նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են՝ հայտնում է Արցախի ՊԲ-ն:
«Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: