Պատերազմի վերաբերյալ ուղիղ եթերների, ասուլիսների ժամանակ արված հայտարարություններն ու բոլոր հանցակազմ պարունակող հրապարակումները դարձել են քննության առարկա, տարբեր քննչական մարմիններում հարուցվել են քրեական գործեր:
Այս մասին իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Չի եղել որևէ հրապարակում, որն իր մեջ պարունակեր հանցակազմի որոշակիություն և չլիներ դատախազության ուշադրության կենտրոնում: Հարուցված են բազմաթիվ քրեական գործեր: Դրա մասին առաջիկայում հատուկ հրապարակում կլինի»,- նշեց Աբրահամյանը և հավելեց, որ տարբեր քննչական մարմիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում բոլոր հրապարակումները քննության առարկա են դարձել, այդ թվում, օրինակ` հայերեն խոսող 1400 ադրբեջանցու անձնագիր տրամադրելու վերաբերյալ լուրը:
«Քննվում են նաև անորակ զինատեսակների գնման գործերը: Արդեն երկու օր է՝ ես զբաղվում եմ այդ հարցով՝ հասկանալով անհրաժեշտությունը»,- ասաց նա և շեշտեց, որ այն, ինչ տարածվել է համացանցում, արձանագրվել է և դրանցով ևս վարույթ է իրականացվում:
Իրավաբանները և իրավապաշտպանները Գլխավոր դատախազության շենքի դիմաց ակցիա էին անում՝ պահանջելով Արթուր Դավթյանի հետ հանդիպում: Մինչ այդ նրանք ցանկացել էին հանդիպել զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հետ, ով 3 իրավաբանի հրավիրել էր դատախազություն՝ հանդիպելու իր հետ: Իրավաբաններն ու իրավապաշտպանները չէին համաձայնել նման առաջարկին: Հավաքվածները փորձում էին պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել պատերազմից 1,5 ամիս անց և արդյոք հարուցվել են քրեական գործեր ի հայտ եկած մի շարք հանգամանքների վերաբերյալ: