Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Եռաբլուր»-ի այսօրվա երթը ցույց տվեց, որ Փաշինյանը շարունակում է պահպանել զանգվածների մոբիլիզացման կարողությունները։
Սա, թերևս, միջոցառման գլխավոր արդյունքն է, որն ակնհայտորեն կազդի երկրում իշխանության համար պայքարի դինամիկայի վրա։
Հետպատերազմյան շրջանում՝ պարտվելուց և կառավարման ճգնաժամից հետո վարչապետի ժողովրդականությունը կտրուկ նվազել է․ հարցումների տվյալներով՝ պահպանվել է 30-40 տոկոսի մակարդակում։
Միևնույն ժամանակ հարցականի տակ է մնում աջակցության այդ թվերը իրական զանգվածային գործողությունների վերածելու վարչապետի կարողությունը, հատկապես հաշվի առնելով, որ Փաշինյանի վարչապետության ողջ ընթացքում նրա աջակցության համար փողոց դուրս գալու ժողովրդական զանգվածների պատրաստակամությունը անշեղորեն նվազում է և ենթադրաբար պետք է վերջնականապես «զրոյանար» պատերազմի արդյունքում։
Սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չունեցավ։
Այսօրվա երթի արդյունքները, ամենայն հավանականությամբ, կուժեղացնեն վարչապետի դիրքերը և, ընդհանուր առմամբ, ներքաղաքական ճգնաժամին կարող են ավելի երկարատև և «դիրքային» բնույթ հաղորդել։
Ըստ էության, Փաշինյանի հրաժարականի տեսքով հանգուցալուծման ուղղությամբ իրադարձությունները կարող են արագացնել միայն մի քանի սցենարներ (եթե բացառենք բացահայտ էքստրեմալ իրադարձությունները)։
1. Դրանցից առաջինը վարչապետի կողմից լուրջ քաղաքական սխալ թույլ տալու արդյունքում զանգվածային աջակցության թուլացման ևս մեկ փուլն է (ասենք՝ հերթական չմտածված կարգավիճակի կամ հայտարարության տեսքով)։
2. Արտաքին ճնշման սաստկացումը։
3. Եվս մեկ գործոն կարող են դառնալ նաև ընդդիմության գործողությունները, որն իր բոլոր ազդանշաններով միտվում է ավելի ագրեսիվ մարտավարության։
Առաջիկա օրերին սպասվում են երկու իրադարձություններ, որոնք, ընդհանուր առմամբ, կազդեն նաև ներքաղաքական ճգնաժամի ընթացքի վրա։ Առաջինը՝ կառավարության շրջափակման ու համընդհանուր գործադուլի անցնելու ընդդիմության հայտարարությունն է։
Երկրորդ նման կարևոր միջոցառումը, հավանաբար, կլինի վարչապետի այցը Սյունիք, որը, հաշվի առնելով մարզում տիրող իրավիճակը և տեղերում՝ իշխանությունների վերահսկողությունից փաստացի դուրս գալը, այդ հանդիպումները խոստանում են անցնել լարված մթնոլորտում։
Դավիթ Հարությունով