Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևի ընդունմանը:
«Կարևոր է, որ Նիդերլանդների խորհրդարանի օրինակին հետևելով՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը:
Առանց ավելորդ համեստության՝ Լյուքսեմբուրգի բոլոր քաղաքական ուժերի հետ Հայաստանի նոր պատվավոր հյուպատոսի ՝ Տաթև Մանուկյան- Էնգելի ակտիվ, համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքն է։ Իհարկե, կարևորագույն դերակատարություն ունի այն մթնոլորտը և Արցախի վերաբերյալ այն խոր ընկալումը, որն արդյունք է ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելի տասնամյակների գործունեությանը»,-նշել է Տիգրան Բալայանը։
Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին, ի թիվս այլոց, Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանն արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները՝ սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։ Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։
Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, որոնք հայերի նկատմամբ բռնություններ և ատելություն են տարածում, ինչպես նաև ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: