Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 աշխատակից, վիրավորվել՝ մոտ 164 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրավական բաժնից։
Հաղորդագրության համաձայն՝ պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնել է ռազմաճակատ։ Նրանք մասնակցել են Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։
Ծանր մարտեր են մղվել հատկապես Շուշի-Լիսագոր ճանապարհի հարակից տարածքում, որոնց ընթացքում ոստիկանության զորքերն ունեցել են մեծ կորուստներ։
Պատերազմի ողջ ընթացքում ոստիկանության զորքերից անմահացել են 38 ծառայող և վիրավորվել մոտ չորս տասնյակը։
Ոստիկանության զորքերին միացել և հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը լծվել են նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ևս 3200 ծառայող։
Նշվում է, որ ոստիկանության տեսուչները, օպերլիազորները, համայնքային ոստիկանները, պարեկապահակետայինները և այլ ծառայողներ Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։
Նրանցից անմահացել են 27-ը։ Վիրավորվել են 124 ոստիկան։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: