ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամի շրջանում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
«Հունվարի 4-ին Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը փրկարարների հետ մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման առաջադրանքներ իրականացնելու: Հումանիտար առաքելության շրջանակներում պիրոտեխնիկներն աշխատելու են Աղդամի շրջանում»,- հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից:
Խմբի կազմում ՌԴ ԱԻՆ-ի «Լիդեր» կենտրոնի և Նոգինսկի փրկարարական կենտրոնի 20 պիրոտեխնիկներն են: Ինքնաթիռում կլինեն նաև 3 համալիր ռոբոտներ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հաստատվել է հրադադար: Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: