Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերեւս հետեւյալն է. ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը եւ ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձեւակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որեւէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար: Այս մասին իր զեկույցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա գրել է, որ վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձեւով պետք է հանձնվեն Ադրբեջանին:
Բայց, 2011 թվականին Իլհամ Ալիեւը հրաժարվեց ստորագրել կազանյան փաստաթուղթը, հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը, որը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին, հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանը ուզում է ավելին:
Սահմանային լարումը մեծանում է 2014, 2015 թվականների ընթացքում, եւ սա տեղի է ունենում աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում:
Սիրիայում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները սրվում են, Ռուսաստանը հայտնվում է պատժամիջոցների ներքո: Եւ եթե մինչ այդ Ռուսաստանի համար առաջնային թեժ կետը Հարավային Կովկասն էր, 2015 թվականի դրությամբ ավելանում են Ղրիմը, Դոնբասը, Սիրիան: Բոլոր այս տեղերում Ռուսաստանի պատասխանատվությունը աճում է, եւ որքան էլ գերտերություն լինի, ՌԴ կարողություններն անսահմանափակ չեն:
Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից եւ ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին: Այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ, հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի:
2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:
Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս իրադարձությունից ամիսներ անց Սերժ Սարգսյանը հրապարակային խոսում է 80-ականների զենքերի մասին, իսկ մեկուկես տարի անց հրապարակային խոստովանում, որ Հայաստանը դեռ 2011 թվականին պատրաստ էր թողնել 7 տարածքները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին:
«Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունե,ն եւ նրանց ներկայությունն զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է:
Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ, եւ ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որեւէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք ըստ էության ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանից։